Նեպեսով Գուրբանմիրատ Բազարբայի
( «Բասմաչ», «Թուրքմեն»)
Ծնվել է 1969 թվականին Թուրքմենական ԽՍՀ Կալինինոյի շրջանում (այժմ՝ Թուրքմենստանի Հանրապետության Բոլդումսազի էտրապ):
Ծառայել է Աֆղանստանում, որտեղ վիրավորվել է։
Ըստ ընկերների պատմածի, նրան փրկելու համար ազգությամբ հայ զինվորի արյուն են փոխներարկել։
Աֆղանստանից խորհրդային զորքերի դուրս բերելուց հետո Նեպեսովը, ով նաև հայտնի էր «Բասմաչ» կամ «Թուրքմեն» մականուններով, ժամկետային ծառայություն էր անցնում Հայաստանում, ապա հայտնվում է Արցախում և որոշում է միանալ հայ ազատագրական պայքարին։
1991 թվականին Վոլոդյա Մաթևոսյանը ստեղծում է «Հայր Վահան» ջոկատը և միանգամից մեկնում Արցախ, որին էլ հենց սկզբից միանում է Կուրբանմիրատը։
Ջոկատի մեջ հայերից բացի եղել են եզդիներ, ռուսներ, ասորի, հույն և թուրքմեն։
1992 թվականի փետրվարին «Հայր Վահան» ջոկատը մարտական խնդիր ուներ՝ ազատել Քարվաճառի շրջանի Աղդաբան գյուղը, որից ադրբեջանցիները հարձակվում էին Մարտակերտի շրջանի վրա։
«Բասմաչը» հետախուզման է գնացել և իր կողմից ճշտված կոորդինատների շնորհիվ ջոկատի մարտիկները Արցախի Հանրապետության ապագա գեներալ-մայոր Ժորա Գասպարյանի հրամանատարության ներքո ոչնչացրել են թշնամու 6 տանկ և ազատել Աղդաբանը։
«Բասմաչը» զոհվել է 1992 թվականի դեկտեմբերի 13-ին մարտի ժամանակ։
Սամվել ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ